բաժին 3

Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր

ապրիլի 20, 2026

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստողներ, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

Իմ ինֆո քարտ

This is an info card